Անցնել բովանդակությանը
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-27-ից մինչև 2016-01-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 16. Ջրի ազգային ծրագիրը

գործել է մինչև 2016-01-22Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ջրի ազգային ծրագիրը

Ջրի ազգային ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ: Ջրի ազգային ծրագիրը ներառում է`

1) ազգային ջրային պաշարի և ջրային ռեսուրսների ծավալներն ըստ ջրային ռեսուրսների, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ջրային պաշարի պահպանմանը և ավելացմանը.

2) բնագավառի պահպանման և զարգացման հիմնական խնդիրները.

3) պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշները և այդ համակարգերի ցանկը.

4) ջրային ռեսուրսների կառավարման արդիականացման միջոցառումների նկարագիրը.

5) նախատեսված միջոցառումների նկարագիրը, ծավալները և իրականացման ժամանակացույցը.

6) ջրօգտագործման թույլտվության վճարի (ջրօգտագործման վճարի) առավելագույն և նվազագույն չափերի, ներառյալ՝ ջրային ռեսուրսների արդյունահանման, հետ վերադարձման և բնապահպանական վճարների դրույքաչափերի սահմանումը.

7) ջրի ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական պահանջները և ֆինանսավորման առաջարկվող աղբյուրները.

8) հաղորդում` ջրային հարաբերություններում սույն օրենսգրքի կատարումն ապահովող իրավական և նորմատիվ ակտերի ընդունման ու կատարման, ինչպես նաև առաջարկություններ դրանց կատարելագործման վերաբերյալ.

9) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները.

10) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ջրի ազգային ծրագրի իրականացման համար:

Ջրի ազգային ծրագիրը նկարագրում է կառավարության հաստատած ջրավազանային կառավարման տարածքների՝

1) սահմանները, առկա ջրերի քանակը, որակը և ջրային ռեսուրսների դասակարգումը.

2) ջրային համակարգերի դասակարգումը.

3) ազգային ջրային պաշարի մեծությունները, դրա պահպանմանը և ավելացմանն ուղղված միջոցառումները.

4) ոլորտների ջրօգտագործումը և դրանց համալիր ազդեցության գնահատականը ջրային ռեսուրսների բաշխման վրա.

5) ջրերի նկատմամբ պահանջարկը` ըստ գերակայությունների.

6) ջրի պահպանության և կառավարման ընթացիկ գործողությունների արդյունավետության չափանիշները, ջրային ռեսուրսների անվտանգ էկոլոգիական վիճակի պահպանման և ինքնավերականգնման ընդունակության ապահովման նպատակով սահմանված էկոլոգիական թողքերի մեծությունները և ջրերի անվերադարձ վերցման սահմանային թույլատրելի ծավալները.

7) ջրային ռեսուրսների ամբարման, բաշխման և օգտագործման ռազմավարությունը.

8) ջրային ռեսուրսների մոնիտորինգի բարելավման և աղտոտման կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ներառյալ՝ արդիական տեխնոլոգիաների կիրառումը.

9) ջրերի ստանդարտները.

10) ծրագրի իրականացման համար պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագրությունը և դրանց համակարգումը.

11) ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը և ստացվելիք դրամամուտքերը.

12) հասարակության իրազեկության ապահովման մեխանիզմները.

13) հատուկ պահպանվող ավազանային տարածքների կամ դրանց մասի ցանկը, որոնց մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրերի կամ դրանցով պայմանավորված կենդանական և (կամ) բուսական աշխարհի համար պահանջվում է պահպանության հատուկ համակարգի կիրառում.

14) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիները.

15) կենսական նշանակության ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների քայքայման սպառնալիքները, և ջրաէկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունների կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումները:

Կառավարությունը ջրի ազգային ծրագրի կատարման, ինչպես նաև դրանում առաջարկվող փոփոխությունների մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 15-ը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։