Հոդված 60. Կենսաթոշակ վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
Հոդված 60. Կենսաթոշակ վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը
1. Կենսաթոշակ վճարելը կասեցվում է`
1) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում:
Կենսաթոշակ վճարելը կասեցվում է նշված հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:
3) սույն օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթը չներկայացնելու կամ հայտարարություն չտալու դեպքում:
2. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`
1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
2) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.
3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ չճանաչվելու դեպքում.
4) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.
5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.
6) նշանակված կենսաթոշակի իրավունքը կորցնելու (կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու) դեպքում:
Սույն հոդվածի երկրորդ մասի 1-5-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է այդ հանգամանքների առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից, իսկ 6-րդ կետում նշված դեպքում` հայտնաբերման օրվանից:
3. Կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից`
1) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-35-Ն)
2) սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետում նշված դեպքում` սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա:
3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքում` տասներկու ամսվա ընթացքում սույն օրենքի 55-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու դեպքում բանկի տրամադրած տեղեկատվության հիման վրա:
4. Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է`
1) կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը չեղյալ համարելու վերաբերյալ դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո` կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, իսկ այդ ժամկետից հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` անձի գրավոր դիմումի հիման վրա.
3) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
4) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամսին հաջորդող ամսվա 1‑ից:
Դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ: Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1‑ից:
Կենսաթոշակի վճարումը վերսկսելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով սույն օրենքի 17-19-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:
(60-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.12.08 ՀՕ-35-Ն, լրաց., խմբ. 05.10.10 ՀՕ-132-Ն)