Հոդված 55. Կենսաթոշակ վճարելը
Հոդված 55. Կենսաթոշակ վճարելը
(վերնագիրը խմբ. 05.10.10 ՀՕ-132-Ն)
1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
2. Կենսաթոշակը վճարվում է լիազոր մարմնի հետ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ կազմակերպությունների միջոցով:
3. Կենսաթոշակ վճարելու ծախսերը կատարվում են պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցներից:
4. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է:
Կենսաթոշակը անկանխիկ եղանակով վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են լիազոր մարմնի և բանկի միջև կնքված` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարի տրամադրումն է անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:
6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը կամ անձամբ բանկ ներկայանալու միջոցով հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:
Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված փաստաթուղթը կամ հայտարարությունը կենսաթոշակառուն ներկայացնում է ոչ ուշ, քան նախորդ տարվա ընթացքում այն ներկայացնելու (կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրը:
Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(55-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-247-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-35-Ն, 05.10.10 ՀՕ-132-Ն)