Հոդված 64. Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը
Հոդված 64. Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը
Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի մահվանից հետո` երեք ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Նշված գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
Թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:
Սույն օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ ստացող կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվում է թաղման մեկ նպաստ:
Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Սահմանված ժամկետում չստացված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:
Փաստաթղթերի ցանկն ու դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(64-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-6-Ն, 11.11.05 ՀՕ-223-Ն, փոփ., լրաց. 05.10.10 ՀՕ-132-Ն)