Հոդված 48. Ստաժի հաշվառման առանձնահատկությունները
Հոդված 48. Ստաժի հաշվառման առանձնահատկությունները
1. Ապահովագրական ստաժում եռակի չափով հաշվառվում են`
1) բռնադատված կամ անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները.
2) մարտական գործողությունների ընթացքում գործող բանակի կազմում, պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնվելու ժամանակահատվածները:
2. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների երկարամյա ծառայության ժամկետները հաշվարկվում են`
1) մխոցային օդանավերով կատարած յուրաքանչյուր 20 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.
2) ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում (սանիտարական թռիչքներ, ավիաքիմիական աշխատանքներ, ավիալուսանկարահանում, պարեկություն, մթնոլորտի զոնդում և այլ տեսակի աշխատանքներ), այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ կատարած յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ.
3) վթարային-փրկարարական (որոնող-փրկարարական) ստորաբաժանումներում օդանավերի թռչող անձնակազմի մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ.
4) ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը որպես`
մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը,
երկու տարվա ստաժ, եթե կատարվել են թռիչքային բարդ կամ բարձրակարգ հնարքներ.
5) պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը որպես` մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տաս մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման,
երկու տարվա ստաժ, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:
3. Սույն հոդվածի երկրորդ մասի 4-5-րդ կետերով սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:
4. Ստաժի հաշվարկման, դրանում աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության առանձին տեսակների հաշվառման, ստաժի հաստատման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով ապահովագրական ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է ապահովագրական ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմի մեջ մտնում են գործադիր իշխանությունների, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների կողմից լիազորված այլ ներկայացուցիչներ: