Հոդված 28. Մասնագետը, նրա իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 28. Մասնագետը, նրա իրավունքներն ու պարտականությունները
1. Մասնագետը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը հրավիրվում և ծառայողական քննության մասնակից է դարձվում հատուկ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ խորհրդատվություն կամ համապատասխան մասնագիտական եզրակացություն տրամադրելու համար:
2. Ծառայողական քննության ցանկացած փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը վերոհիշյալ նպատակներով ոստիկանությունում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում դիմում է համապատասխան իրավասու մարմնի ղեկավարին՝ մասնագետ տրամադրելու համար: Հրավիրված մասնագետն իր ծառայությունների դիմաց վարձատրվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պահպանման ծախսերի հաշվին՝ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր միջնորդության հիման վրա: Մասնագետն անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնում է իր կրթության և որակավորման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:
3. Մասնագետն իրավունք ունի՝
ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
բ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ:
4. Մասնագետը պարտավոր է՝
ա) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և իր գիտելիքների սահմաններում խորհուրդներ տալ առանձին հարցերի պարզաբանման և գործողությունների կատարման կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում մասնակցել դրանց.
բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
գ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով մասնագիտական եզրակացություն ներկայացնել իրեն առաջադրված և իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ.
դ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր ներկայացրած եզրակացության կամ իր մասնակցությամբ կատարված գործողությունների պարզաբանման կապակցությամբ:
(28-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-477-Ն)
(16.12.22 ՀՕ-477-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)