Հոդված 12. Ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումները և ծառայողները
Հոդված 12. Ծառայողական քննություն իրականացնող ստորաբաժանումները և ծառայողները
1. Ծառայողական քննություն իրենց իրավասության սահմաններում կարող են կատարել ոստիկանության բոլոր ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարները:
Ոստիկանության գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը կատարում են ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանումը կամ ոստիկանության պետի հանձնարարությամբ` ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություններ կամ ոստիկանության պետի լիազորած ոստիկանության մարզային վարչությունը:
2. Ոստիկանության ստորաբաժանումներում կրտսեր, միջին և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն կատարելիս ոստիկանության գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստեր հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը ոստիկանության պետի հանձնարարությամբ ուղարկվում են ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանում կամ ոստիկանության պետի հանձնարարությամբ` ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություն:
3. Ոստիկանության հատուկ ծառայությունների ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն համապատասխանաբար կատարում են հատուկ ծառայությունները կամ ոստիկանության պետի լիազորած ծառայությունը:
4. Ոստիկանության պետի ցուցումով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվող ծառայողական քննության նյութերը ցանկացած փուլում կարող են փոխանցվել ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություններ իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանում կամ ոստիկանության կենտրոնական ապարատի այլ ծառայություն և (կամ) ոստիկանության մարզային վարչություններ՝ հետագա ընթացքը սույն օրենքով սահմանված կարգով լուծելու համար:
5. Ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություն իրականացնելու հիմնական իրավասություն ունեցող ստորաբաժանմանը ծառայողական քննություն կատարելու ցուցում տալու իրավունք ունեն ոստիկանության պետը կամ նրա տեղակալները` իրենց սպասարկման ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով (բացառությամբ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ):
(12-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-36-Ն, 19.05.14 ՀՕ-37-Ն)