Հոդված 18. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը
Հոդված 18. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը
1. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը՝ տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:
2. Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ որակավորման ստուգում:
3. Որակավորման հանձնաժողովը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) և քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հայտարարություն` քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:
4. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը ներկայացնում է`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ.
3) կենսագրական տվյալները պարունակող քարտ` իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո իր մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
5) քննչական կոմիտեում ծառայությանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:
5. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:
6. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
7. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները, ինչպես նաև նրա ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին:
8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ընդգրկվում են քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:
9. Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիր են անցնում և հանձնում որակավորման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ:
10. Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ
2) իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ
3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:
11. Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:
12. Որակավորման հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան՝ որոշումը ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Որակավորման հանձնաժողովի՝ հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը կազմելու` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը քննարկում է որակավորման հանձնաժողովը: