Հոդված 28. Քննչական կոմիտեի ծառայողի խրախուսման միջոցները
Հոդված 28. Քննչական կոմիտեի ծառայողի խրախուսման միջոցները
1. Ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, աշխատանքային հաջողությունների և այլ վաստակի համար քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.
1) շնորհակալություն.
2) միանվագ դրամական պարգև կամ հուշանվերով պարգևատրում.
3) լրացուցիչ վճարովի 10-օրյա արձակուրդի տրամադրում.
4) արտահերթ կոչում շնորհելը.
5) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված կոչումի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր կոչում շնորհելը.
6) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը:
2. Քննչական կոմիտեի ծառայողի խրախուսման համար կարող է կիրառվել նաև նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում՝ մեկ անգամ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ կիրառում է քննչական կոմիտեի նախագահը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
5. Եթե արտահերթ շնորհվող կոչումը կամ օրենքով նախատեսված կոչումի վերին սահմանից մեկ աստիճանով ավելի բարձր շնորհվող կոչումը բարձրագույն կոչում է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի ծառայողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե կարգապահական տույժը կիրառել է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
7. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված խրախուսման միջոցները քննչական կոմիտեի նախագահի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
8. Քննչական կոմիտեի գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: