Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-08-01-ից մինչև 2017-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 35. Քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորումը

գործել է մինչև 2017-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորումը

1. Քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակով:

2. Քննչական կոմիտեի ծառայողը երեք տարին մեկ անցնում է ատեստավորում:

3. Քննչական կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քննչական կոմիտեի ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կամ քննչական կոմիտեի ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քննչական կոմիտեի ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները.

2) քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալները, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետերը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, մարզային քննչական վարչության պետերը.

3) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեի ծառայողները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քննչական կոմիտեի ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև քննչական կոմիտեի ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

9. Ատեստավորման ենթակա քննչական կոմիտեի ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քննչական կոմիտեի ծառայողի ծառայողական բնութագիրը:

11. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քննչական կոմիտեի ծառայողի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը հիմնվում է նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում քննչական կոմիտեի ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

12. Քննչական կոմիտեի ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քննչական կոմիտեի ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով քննչական կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.

4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ կոչում շնորհելու մասին.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.

6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:

15. Քննչական կոմիտեի ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և դրանց հետ համաձայն չլինելու դեպքում եռօրյա ժամկետում բողոքարկելու դրանք քննչական կոմիտեի նախագահին:

16. Որակավորման հանձնաժողովի եզրակացությունը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է քննչական կոմիտեի նախագահին:

17. Քննչական կոմիտեի նախագահն ատեստավորման արդյունքների հիման վրա լրացուցիչ վերապատրաստում անցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ քննչական կոմիտեի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում: Արտահերթ կոչում շնորհելու, ավելի ցածր պաշտոնի փոխադրելու կամ պաշտոնից ազատելու միջնորդությունների առկայության դեպքում քննչական կոմիտեի նախագահը կարող է համապատասխան որոշում ընդունել նույն ժամկետում:

18. Քննչական կոմիտեի ծառայողների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։