Հոդված 22. Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը
Հոդված 22. Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը
1. Ավագանին ընդունում է որոշումներ:
1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երևանի վարչական տարածքում:
2. Ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին:
3. Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի։
4. Քաղաքապետի եզրակացության համաձայն` Երևանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
5. Ավագանու հայտարարությունները և ուղերձները մեկշաբաթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է քաղաքապետը:
6. Ավագանու որոշումները ստորագրում և հրապարակում է քաղաքապետը սույն օրենքով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
7. Ավագանու նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով և նույն ժամկետում տեղադրվում քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
8. Քաղաքապետը ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պարտավոր է քննության առնել այն և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:
(22-րդ հոդվածը լրաց. 04.10.17 ՀՕ-137-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-179-Ն, փոփ., խմբ. 14.11.23 ՀՕ-354-Ն)