Հոդված 52. Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
Հոդված 52. Քաղաքապետի լիազորությունների ընդհանուր բնութագիրը
1. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) կազմակերպում է ավագանու աշխատանքները և ապահովում նրա բնականոն գործունեությունը, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.
1.1) առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների և հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին.
2) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները և ազատություններն ապահովելու համար.
3) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
4) սահմանում է Երևանի շենքերի և շինությունների, ինչպես նաև հողամասերի համարակալումը, տալիս է համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման թույլտվություն.
4.1) տալիս է համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն.
4.2) սահմանված կարգով տալիս է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն.
4.3) սահմանված կարգով տալիս է Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.
4.4) որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշելու և համապատասխան նշանով կահավորելու վերաբերյալ:
4.5) սահմանված կարգով տալիս է Երևանում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվություն.
5) ավագանուն է ներկայացնում Երևանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը, դրան համապատասխան` տնօրինում է Երևանի սեփականություն համարվող գույքը.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքային կազմակերպությունների ղեկավարներին.
6.1) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
7) նշանակում և ազատում է վարչական շրջանի ղեկավարներին.
8) սահմանում է վարչական շրջանի ղեկավարի նստավայրը.
9) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.
10) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու, իր գործունեության և Երևանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում.
11) վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի ղեկավարի գործունեության նկատմամբ և պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար.
12) իրականացնում է Երևանի սեփականություն համարվող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը.
13) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-256-Ն)
14) ավագանուն է ներկայացնում առաջարկություն քաղաքապետին և վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների քանակի, անվանումների, ձևավորման և գործունեության կարգի ու լիազորությունների վերաբերյալ.
14.1) (կետն ուժը կորցրել է 13.07.23 ՀՕ-262-Ն)
14.1. (կետն ուժը կորցրել է 10.09.19 ՀՕ-147-Ն)
14.3) հանդես է գալիս տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ.
14.4) ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.
15) բացառապես սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ:
2. Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով լուծում է Երևանի տարածքում հավաքներ անցկացնելու հարցը.
1.1) մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.
2) օրենքով Երևանի քաղաքապետի համար պատվիրակված այլ լիազորություններ:
3. Երևանում տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով քաղաքապետի որոշ լիազորություններ օրենքով տրվում են վարչական շրջանի ղեկավարին:
4. Քաղաքապետի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ վարչական շրջանի ղեկավարին կարող են պատվիրակվել նաև քաղաքապետի այլ լիազորություններ, բացառությամբ ավագանու հետ հարաբերություններում ունեցած լիազորությունների:
(52-րդ հոդվածը լրաց. 06.12.12 ՀՕ-226-Ն, 26.02.15 ՀՕ-8-Ն, փոփ., խմբ., լրաց. 04.10.17 ՀՕ-137-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-200-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-256-Ն, լրաց. 13.06.18 ՀՕ-350-Ն, փոփ. 10.09.19 ՀՕ-147-Ն, լրաց. 24.01.20 ՀՕ-84-Ն, 11.02.21 ՀՕ-78-Ն, 17.11.21 ՀՕ-353-Ն, 16.12.21 ՀՕ-429-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-411-Ն, փոփ. 13.07.23 ՀՕ-262-Ն)