Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-31-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Հոդված 24. Քաղաքացու գործունակությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 24. Քաղաքացու գործունակությունը

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։