Հոդված 968.9. Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը
Հոդված 968.9. Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը
1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ, երբ կառավարիչը գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել: (նախադասությունը հանվել է 01.03.17 ՀՕ-73-Ն) Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասները հատուցվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Ֆոնդի կանոնների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները կատարվում են ֆոնդի կառավարչի հաշվին: Եթե գործարքին մասնակցող երրորդ անձինք չգիտեին և չպետք է իմանային նշված խախտման մասին, ապա սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով կնքված գործարքից ծագած պարտավորությունները կատարվում են ֆոնդի ակտիվների հաշվին, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում` ֆոնդի կառավարչի հաշվին: Այդ դեպքում ֆոնդի մասնակիցները, իսկ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ անձինք ձեռք են բերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով հատուցում պահանջելու իրավունք:
3. Եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի կառավարման կապակցությամբ ծագած պարտավորությունների մարման համար ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել ֆոնդի կառավարչի գույքի վրա միայն վերջինիս կողմից համապատասխան գործարքով իր պարտականությունների կատարման ժամանակ անբարեխղճություն կամ ոչ պատշաճ ողջախոհություն դրսևորելու դեպքում:
(968.9-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-253-Ն, լրաց., փոփ. 12.11.12 ՀՕ-216-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-73-Ն)