Հոդված 968.9. Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը
Հոդված 968.9. Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը
1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել ֆոնդի կառավարման համար օրենքով, այլ իրավական ակտերով և (կամ) ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով, ներառյալ` ֆիդուցիար պարտականությունների խախտման հետևանքով ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասը, ինչպես նաև բաց թողնված օգուտը, եթե չի ապացուցում, որ նշված խախտումը հետևանք է անհաղթահարելի ուժի: Սույն կետով նախատեսված դեպքում ֆոնդի կառավարչի տված հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:
2. Ֆոնդի կանոնների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները կատարվում են ֆոնդի կառավարչի հաշվին: Եթե գործարքին մասնակցող երրորդ անձինք չգիտեին և չպետք է իմանային նշված խախտման մասին, ապա սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով կնքված գործարքից ծագած պարտավորությունները կատարվում են ֆոնդի ակտիվների հաշվին, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում` ֆոնդի կառավարչի հաշվին: Այդ դեպքում ֆոնդի մասնակիցները, իսկ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ անձինք ձեռք են բերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ֆոնդի ակտիվների կազմում ներառման ենթակա հատուցում պահանջելու իրավունք:
3. Եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի կառավարման կապակցությամբ ծագած պարտավորությունների մարման համար ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել ֆոնդի կառավարչի գույքի վրա միայն վերջինիս կողմից համապատասխան գործարքով իր պարտականությունների կատարման ժամանակ անբարեխղճություն կամ ոչ պատշաճ ողջախոհություն դրսևորելու դեպքում: