Հոդված 186. Գանձ
Հոդված 186. Գանձ
1. Գանձը, այսինքն` հողում կամ այլ գույքում թաղված կամ այլ եղանակով թաքցված դրամը կամ արժեքավոր առարկաները, որոնց սեփականատերը չի կարող դրանք հայտնաբերել կամ օրենքի ուժով կորցրել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, անցնում է գույքի (հողամասի, կառույցի և այլնի), որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ և այն հայտնաբերած անձի սեփականությանը` հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
2. Առանց հողամասի կամ այլ գույքի, որում հայտնաբերվել է գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից գանձի հայտնաբերման դեպքում, այն հանձնվում է հողամասի կամ գույքի սեփականատիրոջը:
3. Պատմության և մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, և գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի հիսուն տոկոսի չափով: Այդ անձանց միջև վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Առանց գույքի, որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից նման գանձ հայտնաբերելու դեպքում, վարձատրությունն ամբողջությամբ տրվում է գույքի սեփականատիրոջը:
4. Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց աշխատանքային կամ ծառայողական պարտականությունների մեջ են մտնում պեղումներ և գանձ հայտնաբերելու որոնումներ կատարելը:
⚖Հոդված 187. Ձեռքբերման վաղեմություն
1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
2. Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
3. Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
4. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:
⚖Հոդված 188. Ինքնակամ կառույցը
1. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
1.1. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. (պարբերությունն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն)
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:
3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
4. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն)
6. Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
7. (մասն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-238-Ն )
(188-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.02 ՀՕ-511-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.12.05 ՀՕ-238-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-14-Ն, լրաց., փոփ., խմբ. 16.12.21 ՀՕ-397-Ն)
(16.12.21 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)