Հոդված 322. Լիազորագրի ժամկետը
Հոդված 322. Լիազորագրի ժամկետը
1. Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:
2. Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը պահպանում է ուժը, մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:
⚖Հոդված 323. Վերալիազորում
1. Լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է: Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար:
2. Լիազորություններն այլ անձի փոխանցողը պետք է այդ մասին տեղեկացնի լիազորողին և նրան անհրաժեշտ տեղեկություններ հաղորդի այն անձի վերաբերյալ, ում փոխանցված են լիազորությունները: Այս պարտականությունը չկատարած լիազորություն փոխանցողը պատասխանատվություն է կրում այն անձի գործողությունների համար, ում նա փոխանցել է լիազորությունը` որպես իր սեփական գործողությունների:
3. Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացառությամբ սույն օրենսգրքի 321 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է: