Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2023-10-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 123. Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին

գործել է մինչև 2023-10-15Բացել ARLIS-ում

Հոդված 123. Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին

1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադիրների (հիմնադրի)` հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

3. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր գույքի օգտագործման մասին:

4. Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց ստեղծած հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադիրների պարտավորությունների համար:

5. Հիմնադրամի կառավարման և նրա մարմինների ձևավորման կարգը սահմանվում է հիմնադիրների հաստատած կանոնադրությամբ:

6. Հիմնադրամի կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի հիմնադրամի անվանումը` «հիմնադրամ» բառի ներառմամբ, տեղեկություններ` հիմնադրամի նպատակի մասին, նշում` հիմնադրամի մարմինների, այդ թվում` հիմնադրամի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող հոգաբարձուների խորհրդի, հիմնադրամի պաշտոնատար անձանց նշանակելու և ազատելու կարգի, հիմնադրամի լուծարման դեպքում` նրա գույքը տնօրինելու կարգի մասին:

7. Հիմնադրամների առանձին տեսակների, մասնավորապես` բարեգործական կազմակերպությունների առանձնահատկություններն ու իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։