Հոդված 17. Վնասների հատուցում
Հոդված 17. Վնասների հատուցում
1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
3. Եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաս չափով:
(Քաղվածք 05.11.2013 ՍԴՈ-1121 որոշումից. «1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:
2. Հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի` որոշման հրապարակման պահին անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ պահանջվում է բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի համակարգված օրենսդրական կանոնակարգում, որը, մասնավորապես, կներառի «բարոյական վնաս» հասկացության, այդ ինստիտուտի կիրառման շրջանակների և հիմքերի, բարոյական վնասը հաշվելու հստակ կարգի և այլ հարցերի վերաբերյալ դրույթներ, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014թ. հոկտեմբերի 1-ը:»)