Հոդված 23.1. Մայրության նպաստի իրավունքը
Հոդված 23.1. Մայրության նպաստի իրավունքը
1. Մայրության նպաստի իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).
3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը, ինչպես նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարող կամավորը:
2. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մայրության նպաստի իրավունք ունեցող (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):
4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նրա հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) ստացվել է (են) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում, ու հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ նա ունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառում:
4.1. Հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված կարգով ստանալուց հետո՝ մինչև մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը, անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է, կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, չափահաս զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ բնակության նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնելու դեպքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում անձի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:
5. Օտարերկրյա քաղաքացի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:
(23.1-ին հոդվածը լրաց. 01.12.14 ՀՕ-207-Ն, 16.12.16 ՀՕ-223-Ն, խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-288-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-79-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-360-Ն, լրաց. 14.06.23 ՀՕ-215-Ն, 22.11.23 ՀՕ-381-Ն, խմբ., լրաց. 27.03.25 ՀՕ-74-Ն)
(09.07.20 ՀՕ-360-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(27.03.25 ՀՕ-74-Ն օրենքն ունի անցումային դրույթ)