Հոդված 10. Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
Հոդված 10. Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը
1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի.
Ծննդյան տարեթիվ Տարիք Կենսաթոշակի անցնելու տարեթիվ
01.01.1960-30.06.1960 54,5 2014
01.07.1960-31.12.1960 55 2015
2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝
1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք.
2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:
3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 45 տարին լրացած և առնվազն 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող` հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին:
4. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 և թիվ 2 ցուցակները, պաշտոնների թիվ 3 և թիվ 4 ցուցակները հաստատում է Կառավարությունը:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.12.13 ՀՕ-120-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, փոփ., լրաց. 04.05.22 ՀՕ-113-Ն)