Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-05-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 13. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

գործել է մինչև 2026-05-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

1. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին.

1) 18 տարին չլրացած երեխային.

2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում.

5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.

5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.

6) (կետն ուժը կորցրել է 11.12.13 ՀՕ-120-Ն)

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած կերակրողի խնամքի տակ եղած լինելու հանգամանքից:

Ուսումնական (այդ թվում` ռազմական ուսումնական) հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 26 տարին լրանալը:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված են եղել նույն բնակության վայրում (հասցեում):

Սույն մասի 5-րդ և 5.1-ին կետերում նշված անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունի մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու ժամանակահատվածում:

2. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:

3. Որդեգրողը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի հարազատ ծնողին հավասար, իսկ որդեգրվածը` հարազատ երեխային հավասար: Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող որդեգրվածը որդեգրողի մահվան դեպքում կենսաթոշակի ընտրության իրավունք ունի:

4. Խորթ հայրը և խորթ մայրը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հորը և հարազատ մորը հավասար, եթե մահացած խորթ որդուն կամ խորթ դստերն անչափահաս տարիքում խնամել են առնվազն 5 տարի:

Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:

5. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:

6. (մասն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-100-Ն)

6.1.

6.2.

7. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը մահվան օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային ստաժը` ըստ տարիքային խմբերի:

8. Հաշմանդամություն ունեցող անձի մահանալու դեպքում նրա ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է, եթե կերակրողը հաշմանդամություն սահմանելու օրվա դրությամբ ունեցել է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ստաժը` ըստ տարիքային խմբերի:

Աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներին աշխատանքային կենսաթոշակ է նշանակվում` անկախ մահացած անձի աշխատանքային ստաժի տևողությունից:

9. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը:

10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե կերակրողի զոհվելը (մահանալը) հատուցման դեպք է համարվում: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:

(13-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ., լրաց. 11.12.13 ՀՕ-120-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-1-Ն, փոփ. 16.04.20 ՀՕ-217-Ն, լրաց. 04.05.22 ՀՕ-113-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-527-Ն)

(08.12.22 ՀՕ-527-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 11.09.25 ՀՕ-302-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)

(հոդվածը 04.03.26 ՀՕ-88-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։