Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 31. Գլխավոր տնօրենը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Գլխավոր տնօրենը

1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գլխավոր տնօրենը: Հիմնադրամը ունի նաև ֆինանսական և ապահովագրական հատուցումների, գործառնությունների և տեղեկատվական հոսքերի, իրավական ապահովման գծով տնօրեններ, որոնք ենթարկվում և հաշվետու են գլխավոր տնօրենին։

2. Գլխավոր տնօրենի իրավասությանն են պատկանում Հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

3. Գլխավոր տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

4. Գլխավոր տնօրենն ընտրվում է մրցութային կարգով՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից: Գլխավոր տնօրենի ընտրության մրցութային կարգը, ինչպես նաև գլխավոր տնօրենի մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջներին ներկայացվող լրացուցիչ պահանջները, դրանց ստուգման կարգը սահմանվում են Հիմնադրամի կանոնադրությամբ: Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքով ընտրված անձի վերաբերյալ տվյալները ներկայացնում է հոգաբարձուների խորհուրդ՝ նրա հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով:

5․ Գլխավոր տնօրենն ընտրվում է հինգ տարի ժամկետով, որը լրանալուց հետո կարող է վերընտրվել նույն ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ:

6. Գլխավոր տնօրեն կարող է ընտրվել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, ապահովագրության կամ ֆինանսների կամ առողջապահության կառավարման ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ և բավարարում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները: Գլխավոր տնօրենը չի կարող պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

7. Գլխավոր տնօրենը`

1) տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Հիմնադրամի անունից, այդ թվում՝ հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերը.

2) ներկայացնում է Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.

4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

5) հաշիվ է բացում գանձապետարանում, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կարող է բանկերում բացել Հիմնադրամի արտարժութային ավանդային հաշիվներ.

6) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի բյուջեն, կառուցվածքը, հաստիքացուցակը.

7) հոգաբարձուների խորհուրդ է ներկայացնում Հիմնադրամի բյուջեի պահուստային ֆոնդի չափի և դրա կառավարման արդյունքների վերաբերյալ զեկույցը.

8) իր իրավասությունների սահմանում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

8. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի լուծելու գլխավոր տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, Հիմնադրամի կանոնադրությամբ և աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով:

9. Գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի առաջացման դեպքում հոգաբարձուների խորհուրդը նշանակում է գլխավոր տնօրենի պաշտոնակատար մինչև սույն հոդվածի համաձայն թափուր պաշտոնի համալրումը:

(31-րդ հոդվածը փոփ. 07.04.26 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։