Հոդված 18. Ապահովագրված անձանց, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքները և պարտականությունները
Հոդված 18. Ապահովագրված անձանց, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց իրավունքները և պարտականությունները
(վերնագիրը խմբ. 07.04.26 ՀՕ-135-Ն)
1. Ապահովագրված անձն իրավունք ունի՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու ապահովագրական փաթեթից.
2) Կառավարության հաստատած առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսների միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգին համապատասխան ստանալու ապահովագրավճարի բոնուսներ.
3) ապահովագրական փաթեթը ստանալու Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները ապահովագրված անձին, բացառությամբ Լիազոր մարմնի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրանցված է ապահովագրված անձը.
4) Հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովագրական փաթեթի տրամադրման մերժման կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում.
5) սույն օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացնելու Հիմնադրամի դեմ.
6) ստանալու սպառիչ տեղեկություններ ապահովագրական փաթեթի ստացման կարգի և պայմանների վերաբերյալ ինչպես Հիմնադրամից, այնպես էլ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից։
2. Ապահովագրված անձը պարտավոր է՝
1) օրենքով սահմանված դեպքերում, կարգով ու չափով վճարել ապահովագրավճար և համավճար․
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ կանխարգելիչ ծառայություն.
3) որպես պացիենտ՝ ապահովել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները։
3. Ապահովագրված անձի՝ որպես պացիենտի պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով:
4. Ապահովագրված անձն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ և կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:
5. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ օգտվելու բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից կամ լրացուցիչ ծառայություններից.
2) ստանալու բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած ցանկացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից: Կնքված պայմանագրի առկայությունը պարտադիր չէ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերում, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայությունները, բացառությամբ Լիազոր մարմնի սահմանած դեպքերի, տրամադրվում են միայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից, որի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով գրանցված է ապահովագրված անձը.
3) Հիմնադրամին տեղեկացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման մերժման կամ ոչ պատշաճ տրամադրման դեպքում.
4) սույն օրենքով սահմանված կարգով բողոք ներկայացնելու Հիմնադրամի դեմ.
5) ստանալու սպառիչ տեղեկություններ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման կարգի և պայմանների վերաբերյալ ինչպես Հիմնադրամից, այնպես էլ Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողից կամ դեղատնից։
6. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք, որպես պացիենտ, պարտավոր են ապահովել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները։
7. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված պայմանագրերին համապատասխան, ունեն այլ իրավունքներ և պարտականություններ։
(18-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.04.26 ՀՕ-135-Ն)