Հոդված 20. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքները և պարտականությունները
Հոդված 20. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքները և պարտականությունները
1. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները իրավունք ունեն`
1) ստանալու հատուցում Հիմնադրամից՝ Հիմնադրամի հետ կնքված պայմանագրին համապատասխան ապահովագրական փաթեթում կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալում կամ լրացուցիչ ծառայություններում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու համար.
2) մատուցելու ապահովագրական փաթեթում կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալում կամ լրացուցիչ ծառայություններում չներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ վճարովի սկզբունքով կամ առողջության կամավոր ապահովագրության շրջանակներում․
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:
2. Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ապահովագրված անձին մատուցել պայմանագրով նախատեսված և ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, իսկ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց՝ օրենսդրությանը և պայմանագրին համապատասխան՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ․
2) ապահովագրական դեպքը վրա հասնելիս երաշխավորել ապահովագրական փաթեթում ներառված բժշկական ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ ապահովագրված բոլոր անձանց համար, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.
3) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց երաշխավորել այդ ծառայությունների մատուցման հավասար հնարավորություններ, այդ թվում՝ հերթագրումների պայմանների ապահովմամբ.
4) ապահովագրված անձի կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի պահանջով նրան տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկություն համապատասխանաբար ապահովագրական փաթեթում կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ստացման կարգի և պայմանների վերաբերյալ.
5) ապահովել տրամադրվող ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
6) պահպանել առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման գործընթացներում իրենց հայտնի դարձած` օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
7) հատուցել իրենց մեղքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը.
8) ապահովել ապահովագրական փաթեթը, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունները տրամադրելու համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների առկայությունը.
9) Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում Հիմնադրամին անհապաղ գրավոր տեղեկացնել լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու մասին.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ապահովագրական փաթեթի տրամադրման մասին հավաստի տվյալների մուտքագրումը առողջապահության բնագավառի տվյալների բազաներ ու սույն օրենքով նախատեսված Ռեգիստր.
11) հոգաբարձուների խորհրդի սահմանած կարգով Հիմնադրամ ներկայացնել ապահովագրական փաթեթի, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման վերաբերյալ հաշվետվություններ.
12) սույն օրենքի համաձայն՝ հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վերադարձնել վճարները՝ Կառավարության սահմանած կարգով․
13) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:
(20-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.04.26 ՀՕ-135-Ն)