Հոդված 32. Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը
Հոդված 32. Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը
1. Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովը (այսուհետ՝ Վերահսկողություն իրականացնող հանձնաժողով) կոլեգիալ մարմին է, որն անմիջապես հաշվետու է հոգաբարձուների խորհրդին: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը բաղկացած է հինգ անձից: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանվում է Հիմնադրամի կանոնադրությամբ, իսկ աշխատակարգը՝ հոգաբարձուների խորհրդի կողմից:
2. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են բուժաշխատողների, գործատուների, աշխատողների, պացիենտների իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումների, դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցների թիվը չպետք է պակաս լինի հինգից: Հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը հաստատում է Լիազոր մարմինը:
3. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը՝
1) հսկում է ապահովագրական փաթեթի գնահատման ակտուարական հաշվարկների իրականացումը.
2) հսկում է Հիմնադրամի կողմից ապահովագրական փաթեթի հատուցման չափերի որոշման աշխատանքները.
3) իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում հնարավոր ռիսկերի առաջացման վերլուծություններ և հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ դրանց ազդեցությունը նվազեցնելու վերաբերյալ.
4) (կետն ուժը կորցրել է 07.04.26 ՀՕ-135-Ն)
5) իր իրավասությունների սահմանում իրականացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, դեղատների և Հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի կատարմանն ուղղված մշտադիտարկումներ, դիտարկումներ.
6) սույն օրենքի համաձայն՝ քննում ու լուծում է ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց և Հիմնադրամի միջև ծագած մասնավոր բնույթի վեճեր, որոնք բխում են հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձանց կնքված պայմանագրերից.
7) կատարում է առողջության համընդհանուր ապահովագրության, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների տրամադրման ոլորտների ուսումնասիրություններ և հոգաբարձուների խորհուրդ ներկայացնում առաջարկություններ այդ ոլորտների բարելավման և զարգացման նպատակով.
8) կատարում է ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի կամ լրացուցիչ ծառայությունների, ինչպես նաև դրանց փոփոխման կամ լրացման վերաբերյալ առաջարկների վերլուծություններ և ներկայացնում առաջարկություններ հոգաբարձուների խորհուրդ.
9) իրականացնում է Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
4. Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամները, ինչպես նաև դրա խորհրդակցական ձայնի իրավունքով օժտված մասնակիցները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ:
5. Հիմնադրամի անունից Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային պայմանագրերն ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:
(32-րդ հոդվածը փոփ., խմբ. 07.04.26 ՀՕ-135-Ն)