Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունից ելքը
Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունից ելքը
1. Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացին առանց վավերական անձնագրի և մինչև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից տուգանքի վճարման մասին անդորրագիրը (տուգանքի վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) սահմանային հսկողության մարմնին ներկայացնելու դեպքում:
3. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե օրենքով սահմանված կարգով`
ա) նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետությունում մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց օրենքով սահմանված կարգով ազատվելը.
բ) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարույթն իրականացնող մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց մասին տվյալները անհապաղ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Այն դեպքում, երբ վերանում են հանգամանքները, որոնց ուժով արգելվել է օտարերկրացու ելքը Հայաստանի Հանրապետությունից, իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:
5․ Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում առանց վավերական անձնագրի, մուտքի վիզայի կամ կացության իրավունքը հավաստող փաստաթղթի հետախուզվող օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով ելքի դեպքում։ Նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատում են հանձնման գործերով իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրված գրությամբ, որին կցվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած և օտարերկրացու լուսանկարը ներառող փաստաթուղթը։
(12-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-355-Ն, 09.06.22 ՀՕ-238-Ն, լրաց. 16.04.26 ՀՕ-173-Ն)