Հոդված 22. Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում
Հոդված 22. Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում
1. Օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
2. Հայաստանի Հանրապետության գործատուն իրավունք ունի օտարերկրացու հետ կնքելու աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի քարտի, իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» և «ի» կետերում նշված օտարերկրացիների հետ՝ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացու համար չի պահանջվում ունենալ կացության կարգավիճակ կամ ստանալ հանրային ծառայությունների համարանիշ:
3. Սույն օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասում նշված հայտը լրացվելու դեպքում թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար դիմելու սահմանված ժամկետը պետք է լինի նվազագույնը 15 աշխատանքային օր, որը թույլ կտա աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի պահանջները և հնարավորության դեպքում գործատուին միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով առաջարկել համալրելու աշխատատեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
4. Սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված օտարերկրացիներին աշխատանքի ընդունելիս չի գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով թափուր աշխատատեղը համալրելու պահանջը, բացառությամբ եթե այդ աշխատանքի համար պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և այդ անձանց աշխատանքի ընդունելիս կիրառելի չեն սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:
5. Օտարերկրացին սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը (ժամանակավոր կացության կարգավիճակի քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը) միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնից ստանում է անձամբ:
(22-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն, խմբ., լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)
(20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)