Հոդված 34. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 34. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`
ա) ընդունել ցպահանջ և ժամկետային ավանդներ.
բ) տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում` տալ հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.
գ) տրամադրել բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ).
դ) բացել և վարել հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվներ.
ե) մատուցել այլ վճարահաշվարկային ծառայություններ և (կամ) այլ կերպ սպասարկել հաճախորդների հաշիվները.
զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, նման այլ գործառնություններ կատարել, ներառյալ՝ ածանցյալ ֆինանսական գործարքների կնքումը.
է) ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեություն իրականացնել.
է.1) օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում իրականացնել ներդրումային ֆոնդի (ներառյալ` կենսաթոշակային ֆոնդի) պահառության գործունեություն.
ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց արժեթղթերը, ածանցյալ ֆինանսական գործիքներն ու ներդրումները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում).
թ) գնել, վաճառել և կառավարել բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ և հուշադրամ.
ժ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.
ժա) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).
ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարտեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, ածանցյալ ֆինանսական գործիքներ, փաստաթղթեր և այլ արժեքներ.
ժգ) մատուցել ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն.
ժդ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի ետ ստացման գործունեություն.
ժե) իրացնել ապահովագրական վկայագրեր և (կամ) պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ.
ժզ) իրականացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվի օպերատորի գործառույթներ:
2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխում նախատեսված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և էականորեն չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:
3. Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց սույն օրենքով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար:
Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
(34-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 24.11.04 ՀՕ-155-Ն, 25.12.06 ՀՕ-46-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-184-Ն, 22.12.10 ՀՕ-255-Ն, 12.11.12 ՀՕ-212-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-194-Ն)