Հոդված 57. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 57. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
1. Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 գլխով սահմանված կարգով:
2. (կետն ուժը կորցրել է 03.03.04 ՀՕ-46-Ն)
3. Բոլոր բանկերը և մասնաճյուղերը պարտավոր են ընդունել և աջակցել Կենտրոնական բանկի ծառայողներին: Վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը:
4. Կենտրոնական բանկը կարող է վերստուգման արդյունքով համապատասխան բանկի վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնել այլ երկրի բանկերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնին, ազգային բանկ կամ այլ մարմին, որոնք անհրաժեշտ են նրանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` իր երկրում ստեղծված դուստր բանկի կամ տարածքային ստորաբաժանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ իր երկրում դուստր բանկ կամ տարածքային ստորաբաժանում ստեղծելուն համաձայնություն տալու համար` Կենտրոնական բանկի և տվյալ երկրի բանկերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը կարող է սույն կետով սահմանված տեղեկությունները տրամադրել, անգամ, եթե դրանք բանկային կամ այլ գաղտնիք կազմեն:
5. Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Կենտրոնական բանկի հետ համատեղ:
6. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե բանկի կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի կողմից չեն իրականացվում սույն օրենքի 55 հոդվածի երրորդ մասի պահանջները, ինչպես նաև եթե բանկի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել բանկի հետ կապված անձանց (իսկ բանկի հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ բանկի ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել բանկի ավանդատուների կամ այլ պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի՝
ա) առաջարկելու բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձին, որպեսզի նա Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում օտարի բանկում իր ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել բանկի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է բանկի ֆինանսական վիճակին.
բ) բանկի նկատմամբ կիրառելու սույն օրենքի 61 հոդվածով սահմանված պատժամիջոցներից մեկը:
Սույն մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից մինչև չվերանան սույն մասի «ա» կետով նախատեսված Կենտրոնական բանկի առաջարկության համար հիմք հանդիսացած փաստերը:
Եթե սույն օրենքի 55 հոդվածի երրորդ մասի «գ» կետին համապատասխան՝ անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի ստացել Կենտրոնական բանկի համաձայնությունը, ապա բանկի այն նշանակալից մասնակցություն ունեցող անձը, որի միջոցով տվյալ անձը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, պարտավոր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում օտարել բանկում իր մասնակցությունը:
(57-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253, խմբ., փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն, լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-194-Ն)