Հոդված 5. Սոցիալական վճար կատարողները
Հոդված 5. Սոցիալական վճար կատարողները
1. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում՝
1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը.
2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում (այսուհետ՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում).
3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ սույն մասի 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար:
2. Անձը չի կարող վերանայել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնելու որոշումը:
3. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
4. Անձը դադարում է սոցիալական վճար կատարելը, եթե՝
1) լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, և նա հարկային մարմին է ներկայացրել դիմում սոցիալական վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ.
2) անձը սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը` համատեղ հրամանով: Ընդ որում, վարձու աշխատողը դիմումը հարկային մարմին է ներկայացնում հարկային գործակալի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված հարկային գործակալին ներկայացնելու պահից:
6. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիմում ներկայացվելու մասին տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով` գործատուին:
7. Կենսաթոշակային տարիքը լրացած կամ մասնակիցների ռեեստրը վարողին կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացրած անձի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունը դադարում է`
1) աշխատավարձից և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար գործունեության այդ տեսակների մասով` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:
8. Անձը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից սոցիալական վճար կատարում է կամավորության սկզբունքով, սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը փոփ. 17.11.17 ՀՕ-216-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-291-Ն)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-287-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)