Հոդված 81. Անցումային դրույթներ
Հոդված 81. Անցումային դրույթներ
1. Անձը իրավունք ունի սույն օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: 2014 թվականի դեկտեմբերի 25-ից հետո ներկայացված դիմումներն առ ոչինչ են: Վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) դիմումը ներկայացնում է գործատուի միջոցով: Սույն մասում նշված անձը սոցիալական վճար կատարելը դադարեցնում է՝
1) աշխատավարձից և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար գործունեության այդ տեսակների մասով` համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:
2. Սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝
1) 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հանրային ծառայողները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների), պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, դրանց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վարձու աշխատողները.
2) 2014 թվականի հուլիսի 1-ից հետո վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերած, նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած՝ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, որը 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չի հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր.
3) սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացրած անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար է կատարում 2018 թվականի հուլիսի 1-ից:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում ներկայացրած անձը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը որոշում է վերսկսել սոցիալական վճար կատարելը, ապա սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում հարկային մարմին: Այս դեպքում սոցիալական վճարները կատարվում են դիմելուն հաջորդող ամսվանից:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված՝ 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:
6. Եթե սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումը ներկայացնում է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա նրա համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով):
7. Սույն օրենքի՝ կենսաթոշակային ֆոնդերի փոփոխության, կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև կենսաթոշակային հաշվին առկա միջոցները ստանալու վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
8. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը կիրառվում են 2020 թվականի հուլիսի 1-ից: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը՝
1) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը սահմանվում է 500 000 դրամ.
2) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմը սահմանվում է 6 000 000 դրամ:
Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը (շեմերը) չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:
8.1. 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 6-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար`
1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
աշխատավարձի ամսական չափը սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ
մինչև 500000 դրամը ներառյալ 3.5 տոկոս
500000-ից ավելի դրամ 10 տոկոսի և 32500 դրամի տարբերության չափով
2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32500 դրամը։
8.2. 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 6-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար`
1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
աշխատավարձի ամսական չափը սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ
մինչև 500000 դրամը ներառյալ 4.5 տոկոս
500000-ից ավելի դրամ 10 տոկոսի և 27500 դրամի տարբերության չափով
2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 27500 դրամը։
9. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուի գործառույթները մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում ընդունելը իրականացվում են մասնակիցների ռեեստրը վարողի կողմից: Կենսաթոշակային ֆոնդի բանկային հաշվի օգտագործումը սույն մասում նշված ժամանակահատվածում իրականացվում է մասնակիցների ռեեստրը վարողի համաձայնությամբ:
10. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-16-րդ մասերով նախատեսված ներդրումային սահմանափակումները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի վրա տարածվում են 2015 թվականի հուլիսի 1-ից:
11. Անձը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի դիմումը ներկայացնում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:
12. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասը և 9-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
13. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների արդյունքում կուտակային վճարների չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը: 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների արդյունքում կուտակային վճարների չմարված կամ մասնակի վճարված կուտակային վճարների պարտավորությունները վերահաշվարկվում են մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
(81-րդ հոդվածը փոփ. 12.05.16 ՀՕ-76-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-71-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-291-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-337-Ն, խմբ. 25.06.19 ՀՕ-72-Ն)
Հավելված
«Կուտակային կենսաթոշակների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ՝ ԳՆԱՃՈՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի կատարված սոցիալական վճարների` գնաճով ճշգրտումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր = N
∑
n=1 [ ԿՎn * N-1
П
m=n (1+in) ],
որտեղ`
1) ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր-ը մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի համար նրա կատարած սոցիալական վճարների` գնաճով ճշգրտված մեծությունն է.
2) N-ը մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելու տարիների թիվն է.
3) ԿՎn -ն ո-րդ տարվա ընթացքում մասնակցի կատարած սոցիալական վճարների գումարն է՝ տարեվերջի դրությամբ.
4) in -ն ո-րդ տարվան համապատասխանող տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշն է՝ արտահայտված միավորի մասերով: Ընդ որում, ո-ը փոփոխվում է տարիների հետընթաց հաշվարկով:
2. Սույն հավելվածի 1-ին կետով սահմանված բանաձևում մասնակցի կողմից օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացվելու տարվա համար կատարված սոցիալական վճարը գնաճով չի ճշգրտվում: Այն դեպքում, երբ մասնակցի կատարած սոցիալական վճարների գնաճով ճշգրտման ժամանակ դեռևս առկա չէ տվյալ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը, ապա հիմք է ընդունվում նախորդ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը:
3. Սույն հավելվածում օգտագործված տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշ է համարվում Վիճակագրական կոմիտեի հրապարակած գնաճի միջին ցուցանիշը տվյալ տարվա համար:
(3-րդ կետը փոփ. 21.01.20 ՀՕ-44-Ն)
(հավելվածը փոփ. 21.01.20 ՀՕ-44-Ն)
(օրենքը խմբ. 21.06.14 ՀՕ-67-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-244-Ն