Հոդված 52. Անուիտետի պայմանագիր կնքելը
Հոդված 52. Անուիտետի պայմանագիր կնքելը
1. Ապահովագրական ընկերությունը անուիտետի պայմանագրով պարտավորվում է մասնակցի համար, սույն օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, իրեն միանվագ փոխանցված դրամական միջոցների դիմաց մասնակցին վճարել անուիտետ: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր մասնակցի հետ (հրապարակային պայմանագիր):
2. Մասնակիցն ու ապահովագրական ընկերությունը կնքում են անուիտետի վճարման պայմանագիր՝ հաշվի առնելով սույն օրենքով և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:
3. Անուիտետ վճարելու մասին պայմանագիր կնքելու համար մասնակիցը ապահովագրական ընկերություն է ներկայացնում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տրամադրած տեղեկանքը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքի վերաբերյալ:
4. Անուիտետի պայմանագիր կնքելիս ապահովագրական ընկերությանն արգելվում է մասնակցից պահանջել վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ կամ հիվանդության պատմությունից որևէ տեղեկատվություն:
5. Անուիտետի պայմանագրում նշվում են՝
1) անուիտետի տեսակը.
2) մասնակցի տարիքը.
3) ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը.
4) վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը և վճարման պարբերականությունը.
5) անուիտետի պայմանագրի դադարման հիմքերը և պայմանները.
6) պատասխանատվությունը անուիտետի պայմանագրի պայմանները խախտելու դեպքում.
7) օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ պայմաններ:
6. Անուիտետի պայմանագրում, բացի սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված էական պայմաններից, կողմերի հայեցողությամբ կարող են նախատեսվել սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտին չհակասող այլ դրույթներ:
7. Անուիտետի միջոցով կենսաթոշակ ստանալու մասնակցի իրավունքը իրացնելու և մասնակիցների ռեեստրը վարողի կողմից նշված գործընթացը կազմակերպելու նպատակով ապահովագրական ընկերությունը պարտավոր է մասնակցի հետ սույն հոդվածով նախատեսված անուիտետի պայմանագիրը կնքելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել հետևյալ տեղեկությունները.
1) մասնակցի անունը և ազգանունը.
2) մասնակցի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
3) կնքված անուիտետի պայմանագրի համարը.
4) պայմանագրի կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը:
8. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել ստացված տվյալների գրանցումը:
(52-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-71-Ն)