Հոդված 24. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործառույթները և գործունեության նկատմամբ պահանջները
Հոդված 24. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործառույթները և գործունեության նկատմամբ պահանջները
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, սույն օրենքի համաձայն, իրականացնում է կենսաթոշակային ֆոնդի կառավարում:
1.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, բացի կենսաթոշակային ֆոնդերից, իրավունք ունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից այդպիսի ներդրումային ֆոնդի կառավարումը կխոչընդոտի իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների նկատմամբ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների պատշաճ կատարումը:
2. Կառավարչի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):
3. Կառավարիչը պարտավոր է վարել իր սեփական ակտիվների, իր կողմից կառավարվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների ու արժեթղթերի փաթեթի առանձնացված հաշվառում:
4. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն համարվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը, և դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:
5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և տվյալ ֆոնդի կանոններով սահմանված կարգով օրական կտրվածքով որոշում է իր կառավարման ներքո գտնվող յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի փայերի զուտ ակտիվների արժեքը:
(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.02.25 ՀՕ-31-Ն)