Հոդված 37. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նկարագրությունը
Հոդված 37. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նկարագրությունը
1. Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերն են՝
1) հավասարակշռված ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.
2) պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն` բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալ ֆինանսական գործիքների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.
3) կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն` ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալ ֆինանսական գործիքներում:
2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդի համար Կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ֆոնդի կանոնները, որը, բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներից, պետք է նախատեսի՝
1) ֆոնդի կառավարչի փայերի թողարկման և մարման ընթացակարգը.
2) ծրագրային վճարների հաշվարկման և կատարման կարգը.
3) կենսաթոշակային ֆոնդերի փայերի մարման և ստացված միջոցները ապահովագրական ընկերությանը փոխանցելու կարգը.
4) պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների հետ կապված որոշումներ ընդունելու համար նախատեսված ընթացակարգերը և պատասխանատու պաշտոնատար անձանց:
Յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ պարտավոր է առաջարկել առնվազն պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ:
3. Կենտրոնական բանկը կարող է ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որոնք լրացուցիչ պահանջներ կսահմանեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդ պետք է նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերից տարբերվի բաժնային արժեթղթերում ներդրումների թույլատրելի սահմանաչափի առնվազն 15 տոկոս տարբերությամբ:
5. Սույն հոդվածի 1-ին և 4-րդ մասերի իմաստով բաժնային արժեթղթերը չեն ներառում այն ներդրումային ֆոնդերի փայերը (բաժնետոմսերը), որոնց կանոնների (կանոնադրության) համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 90 տոկոսը կարող է ներդրվել միայն սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված բանկային ավանդներում, պարտքային արժեթղթերում:
(37-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-196-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-71-Ն)