Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-12-22-ից մինչև 2010-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 19. Վճարահաշվարկային կազմակերպությունները

գործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Վճարահաշվարկային կազմակերպությունները

1. Վճարահաշվարկային կազմակերպությունը սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձն է: Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների տեսակներն են`

ա) դրամական (փողային) փոխանցումների իրականացումը.

բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացումը:

2. Սույն օրենքի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իմաստով վճարահաշվարկային կազմակերպությունների տեսակներն են`

ա) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում են վճարումների ընդունումը և կատարումը` առանց բանկային հաշիվների բացման, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ.

բ) վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեսակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:

3. Վճարահաշվարկային կազմակերպությունները չեն կարող իրականացնել առևտրային, արտադրական և այլ տիպի գործունեություն, բացառությամբ օրենքով նախատեսված և սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Առանց Կենտրոնական բանկի տված համապատասխան լիցենզիայի արգելվում է վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք և արտարժույթի առուվաճառք, ինչպես նաև մատուցել փոստային ծառայություններ:

Սույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետով սահմանված վճարահաշվարկային կազմակերպությունները կարող են իրականացնել պրոցեսինգի, քլիրինգի հետ կապված ապարատային, ծրագրային համակարգերի, սարքերի, ծրագրերի ստեղծման, շահագործման, սպասարկման հետ կապված գործունեություն:

6. «Վճարահաշվարկային կազմակերպություն» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է օգտագործել բացառապես վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա ստացած կազմակերպությունը: Արգելվում է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա չունեցող անձանց կողմից այդ բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև նմանատիպ գովազդ իրականացնողներին աջակցելը:

7. Վճարահաշվարկային կազմակերպությունները վճարահաշվարկային ծառայությունները մատուցում են իրենց բարձրագույն կառավարման մարմնի հաստատած աշխատանքի կանոնակարգին համապատասխան:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ` համաձայնեցման:

Կենտրոնական բանկը դրանք ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված կարծիքով ռիսկեր են պարունակում և (կամ) հակասում են սույն օրենքին կամ այլ օրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին: Կենտրոնական բանկի նշած ժամկետում իր համաձայնության կամ մերժման մասին չտեղեկացնելու դեպքում այդ համաձայնությունը համարվում է տրված:

Սույն մասով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից համաձայնություն տալու պահից: Աշխատանքի կանոնակարգում լրացումների կամ փոփոխությունների Կենտրոնական բանկ ներկայացման տեխնիկական պայմաններն ու ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

(19-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-10-Ն, 13.11.07 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։