Հոդված 27. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները
Հոդված 27. Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները
1. Օրենքների և իրավական այլ ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցներից մեկը`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք` վճարահաշվարկային կազմակերպության կամ դրա ղեկավարի նկատմամբ.
գ) վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում.
դ) լիցենզիայի գործողության կասեցում.
ե) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Կենտրոնական բանկը նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ կարող է կիրառել, եթե վճարահաշվարկային կազմակերպությունը`
ա) վճարահաշվարկային ծառայություններ է մատուցել սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումներով.
բ) խախտել է հաշվապահական հաշվառման կանոնները, ֆինանսական և այլ հաշվետվությունների և (կամ) տեղեկատվության ներկայացման և (կամ) հրապարակման կարգն ու պայմանները.
գ) սույն մասի «բ» կետում նշված փաստաթղթերում կեղծ կամ անարժանահավատ տվյալներ է արտացոլել.
դ) խախտել է վճարահաշվարկային կազմակերպության համար սահմանված տնտեսական նորմատիվները:
Նախազգուշացմամբ և խախտումները վերացնելու հանձնարարականով Կենտրոնական բանկը կարող է սահմանել հանձնարարականի կատարման ժամկետ և որոշակի միջոցառումներ կատարելու պահանջ: Նախազգուշացմամբ տրված հանձնարարականը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:
3. Կենտրոնական բանկը կարող է կիրառել տուգանք վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ, եթե վերջինս`
ա) խախտել է վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական նորմատիվները.
բ) չի կատարել կամ սահմանված ժամկետում չի կատարել Կենտրոնական բանկի կողմից նախազգուշացմամբ տրված հանձնարարականը:
4. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներին որակավորման վկայականից կարող է զրկել, եթե նրանք`
ա) խախտել են սույն օրենքի և դրա հիման վրա իրավական այլ ակտերի կամ վճարահաշվարկային կազմակերպության գործունեության կանոնակարգի դրույթները.
բ) իրենց հաճախորդների շահերին հակասող անձնական շահերից բխող գործողություններ են իրականացրել.
գ) խոչընդոտել են Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության իրականացմանը.
դ) Կենտրոնական բանկի հանձնարարականները կատարելու համար չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:
5. Կենտրոնական բանկը կասեցնում է վճարահաշվարկային կազմակերպության գործունեության լիցենզիան, եթե վճարահաշվարկային կազմակերպությունը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպությունը տարեկան պետական տուրքը չի վճարում:
Լիցենզիայի գործողության կասեցման մասին վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով կամ, եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, ֆինանսական համակարգին կամ հասարակական կարգին, հանրության շահերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:
6. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում, եթե վերջինս`
ա) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կամ վճարահաշվարկային կազմակերպության գործունեության կանոնակարգի դրույթների այնպիսի խախտումներ է թույլ տվել, որոնց հետևանքով հաճախորդները կրել են կամ կարող են կրել ֆինանսական կամ այլ վնասներ.
բ) պարբերաբար չի կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականները.
գ) լիցենզիա ստանալիս Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ, խեղաթյուրված կամ անարժանահավատ տեղեկատվություն.
դ) օրենքով նախատեսված հիմքերով դադարել է վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը.
ե) մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խոչընդոտել է Կենտրոնական բանկի կողմից վերահսկողության իրականացմանը:
Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվելու պահից:
7. Վճարահաշվարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի նկատմամբ որպես լրացուցիչ պատասխանատվության միջոց կարող է Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ կիրառվել նաև տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Յուրաքանչյուր խախտման համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերով սահմանված պատասխանատվության միջոցներից մեկը և սույն կետով սահմանված լրացուցիչ պատասխանատվության միջոցը: Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով դատարանի որոշմամբ, եթե վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը համաձայն չէ տուգանքի նշանակման հետ:
8. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը վճարահաշվարկային կազմակերպությանը չի ազատում օրենքներով, իրավական այլ ակտերով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:
9. Վճարահաշվարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Միևնույն ֆինանսական տարվա ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումների առաջին դեպքի համար վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ կիրառվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, երկրորդ խախտման դեպքում` հարյուրապատիկի, երրորդ խախտման համար` երկուհարյուրապատիկի, իսկ չորրորդ և հետագա խախտումների համար` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
11. Վճարահաշվարկային կազմակերպության լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և տվյալ կազմակերպական-իրավական տեսակի վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Եթե վճարահաշվարկային կազմակերպությունը, վճարահաշվարկային ծառայություններ մատուցելուց բացի, իրականացնում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված այլ գործունեություն, ապա այլ գործունեության դադարեցումը հիմք չէ վճարահաշվարկային կազմակերպության լուծարման համար: