Հոդված 7. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրումը
Հոդված 7. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվության տրամադրումը
1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու համար վճարահաշվարկային համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու միջնորդագիր, վճարահաշվարկային համակարգի մասնակիցներից յուրաքանչյուրի` իրավասու կառավարման մարմնի որոշումը համակարգին անդամակցելու մասին.
բ) վճարահաշվարկային համակարգի մասնակիցների միջև կնքված գործունեության պայմանագրի (պայմանագրերի) պատճենը, որում պետք է սահմանված լինի, թե ով է համակարգի օպերատորը, նշվեն համակարգի մասնակիցների իրավասությունները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև վճարահաշվարկային համակարգի մասնակիցների հայեցողությամբ այլ դրույթներ.
գ) Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով տեղեկանք, որը պետք է պարունակի տեղեկություններ համակարգի մասնակիցների, մասնակիցների միջև պարտավորությունների բաշխման, համակարգի կազմակերպման, կառավարման, գործունեության մասին.
դ) վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմնի հաստատած վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգը, իսկ սույն օրենքով սահմանված գործունեության պայմանագրով կանոնակարգի հաստատման այլ ձև սահմանված լինելու դեպքում` այդ կարգով սահմանված ձևով հաստատված կանոնակարգը: Կանոնակարգը ներառում է համակարգի գործունեության կանոնները, նախատեսված գործառույթները և ընթացակարգերը, կառավարման և կազմակերպման կարգը և պայմանները, դիտորդ խորհուրդ ունենալու դեպքում` վերջինիս ձևավորման, գործունեության կարգը և պայմանները: Սույն կետով սահմանված կանոնակարգի դրույթները պարտադիր են համակարգի բոլոր մասնակիցների համար.
ե) Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով համակարգի գործունեության տնտեսական ծրագիրը, որը պետք է պարունակի համակարգի ստեղծման տնտեսական հիմնավորումը, ֆինանսավորման աղբյուրները, առաջիկա երեք տարիների համար նախատեսված եկամուտների և ծախսերի հաշվարկը, հեռանկարային զարգացման միտումները, համակարգում հաշվարկների բնագավառում առաջացող հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցները.
զ) վճարահաշվարկային համակարգի օպերատորի ղեկավարների մասին տեղեկանք` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով:
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասում սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է վճարահաշվարկային համակարգի գործունեության թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը:
Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:
3. Կենտրոնական բանկը մերժում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, ընդ որում` սույն օրենքի իմաստով կեղծ կամ անարժանահավատ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը կայացրել է որոշում, որը չէր կայացվի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ.
բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.
գ) վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգում պահպանված չեն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համակարգին ներկայացվող տեխնիկական, անվտանգության, ծրագրային, մասնակցության կամ համակարգի գործունեության կանոններին ներկայացվող պահանջները.
դ) Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցի համաձայն` այդպիսի համակարգի գործունեությունը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը.
ե) վճարահաշվարկային համակարգի ստեղծումը կհանգեցնի համակարգի մասնակից բանկի և (կամ) բանկերի` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ֆինանսական վիճակի վատթարացմանը:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված թույլտվությունն ստանալու համար վճարահաշվարկային համակարգի օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով չափանիշների մեծության վերաբերյալ տեղեկանք, միջնորդագիր` վճարահաշվարկային համակարգ ստեղծելու մասին, և սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված փաստաթղթերը: Փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրելու պահից հինգ օր հետո թույլտվությունը համարվում է տրված, եթե Կենտրոնական բանկն այդ ժամկետում չի տեղեկացնում վճարահաշվարկային համակարգի օպերատորին սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշների մեծությանը չհամապատասխանելու կամ ներկայացված տեղեկությունները թերի լինելու մասին:
5. Վճարահաշվարկային համակարգի օպերատորի փոփոխման կամ համակարգի գործունեության կանոնակարգում փոփոխության վերաբերյալ որոշումը վճարահաշվարկային համակարգի օպերատորը ներկայացնում է Կենտրոնական բանկ` համաձայնեցման:
Կենտրոնական բանկը դիմումն ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է սույն հոդվածով նախատեսված համաձայնությունը, եթե տվյալ փոփոխությունը չի հակասում սույն օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջներին, կամ տվյալ փոփոխությամբ չի վտանգվի վճարահաշվարկային համակարգի կայունությունը կամ անվտանգությունը: Սույն մասով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի` համաձայնություն տալու պահից:
Եթե Կենտրոնական բանկը երկամսյա ժամկետում դիմումը չի մերժում, ապա համաձայնությունը համարվում է տրված:
6. Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների կազմում կատարված փոփոխության մասին վճարահաշվարկային համակարգի օպերատորը փոփոխության կատարման պահից հնգօրյա ժամկետում տեղեկացնում է Կենտրոնական բանկին:
7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում սահմանված փոփոխությունների` Կենտրոնական բանկ ներկայացման տեխնիկական պայմանները և ձևը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
8. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման թույլտվությունն անժամկետ է: