Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-12-22-ից մինչև 2010-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Հոդված 23. Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվը և այլ պահանջներ

գործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվը և այլ պահանջներ

1. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվում է կանոնադրական կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվը: Տնտեսական նորմատիվի սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Տնտեսական նորմատիվը պարտադիր է և պետք է նույնը լինի միևնույն տեսակի բոլոր վճարահաշվարկային կազմակերպությունների համար:

Կենտրոնական բանկի կողմից տնտեսական նորմատիվի ռեժիմը խստացվելու դեպքում այդ նորմատիվն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի որոշման պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո: Կենտրոնական բանկի կողմից տնտեսական նորմատիվի ռեժիմը մեղմացվելու դեպքում այդ նորմատիվն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, եթե Կենտրոնական բանկն ավելի ուշ ժամկետ չի սահմանել:

2. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պետք է դեպոնացնի դրամական միջոցներ կամ արժեթղթեր կամ ներկայացնի անվերադարձելի բանկային երաշխիք:

Սույն մասով նախատեսված դեպոնացվող գումարի չափը, արժեթղթերի տեսակները, գումարի և արժեթղթերի դեպոնացման կարգը, պայմանները, ժամկետները, ինչպես նաև բանկային երաշխիքի պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Ընդ որում` Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է դեպոնացվող գումարի կամ արժեթղթերի նվազագույն չափը, ինչպես նաև այն գործակիցը, որը կարող է կիրառվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության համար` ելնելով տվյալ կազմակերպության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների քանակից և (կամ) փոխանցումների ծավալներից և (կամ) աշխարհագրությունից և (կամ) կիրառվող վճարային գործիքից: Ընդ որում` գործակիցը կարող է սահմանվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության կամ կազմակերպությունների խմբերի համար:

3. Դեպոնացված գումարը, արժեթղթերը, բանկային երաշխիքը հանդիսանում են երաշխավորող միջոց, որը կարող է օգտագործվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության պարտավորություններն այն անձանց նկատմամբ մարելու համար, որոնք դրամական միջոցներ են տրամադրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը, կամ որոնց օգտին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը դրամական միջոցներ է ստացել` դրամական փոխանցումներ կատարելու նպատակով: Պարտավորությունների մարման կարգը, պայմանները, ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը տնօրինելու դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը, եթե բացակայում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չմարված պարտավորությունները:

5. Դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը չեն կարող օգտագործվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության այլ պարտավորությունների մարման համար, քան սահմանված են սույն հոդվածի 3-րդ մասով, իսկ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության` օրենքով սահմանված հիմքերով լուծարման (ինքնալուծարման) դեպքում չեն ընդգրկվում օրենքով սահմանված լուծարային միջոցների կազմում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։