Հոդված 59. Կարգապահական տույժը կիրառելու կամ հանելու կարգը
Հոդված 59. Կարգապահական տույժը կիրառելու կամ հանելու կարգը
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում` նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Սույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված բոլոր կարգապահական տույժերը տալիս է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը, իսկ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար` Փրկարար ծառայության տնօրենը:
4. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում:
5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:
6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:
7. (մասն ուժը կորցրել է 09.01.17-ից` սույն օրենքի 113-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն)
8. Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը:
9. Գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների, բացառությամբ վարչությունների պետերի և նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող ծառայողների, նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված կարգապահական տույժեր կարող է կիրառել նաև Փրկարար ծառայության տնօրենը:
10. Ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև Փրկարար ծառայության տնօրենը, տնօրենի տեղակալը և վարչության պետը:
11. Ծառայողի նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով նախատեսված տույժը նրան կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կարող է կիրառվել միայն մեկ անգամ:
12. Ծառայողների նկատմամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
13. Ծառայողական քննության, ինչպես նաև ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու ժամանակահատվածում ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:
14. Ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում ծառայողին աշխատավարձ վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի արդարացնող հիմքով ավարտի դեպքում:
(59-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-166-Ն)