Հոդված 70. Ուսուցումը հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում
Հոդված 70. Ուսուցումը հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում
(վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)
1. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման կարգով:
2. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ որպես կուրսանտ կարող են ընդունվել մինչև 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
3. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատություն որպես կուրսանտ ընդունվելու համար կարող են դիմել`
ա) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.
բ) ընդունվելու պահին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար տարիքը լրացած չլինելու դեպքում.
գ) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
4.1. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո` երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:
5. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատության ընդունելության քննությունների առարկայական ցանկը և ուսումնական ծրագրերը հաստատվում են օրենքով սահմանված կարգով:
6. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության կուրսանտների, ադյունկտների, ասպիրանտների ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:
7. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:
8. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 30 տարեկանը լրանալը` հանրապետական գործադիր մարմնի տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ատեստավորման արդյունքների հիման վրա:
9. Հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում կուրսանտների, ադյունկտների ուսուցման կարգը և պայմանները սահմանվում են հանրապետական գործադիր մարմնի ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքով, որը հաստատում է կառավարությունը:
10. Հանրապետական գործադիր մարմնի բարձրագույն ուսումնական հաստատության կուրսանտ շրջանավարտներին հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը շնորհում է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում:
(70-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-236-Ն)