Հոդված 39. Հանձնաժողովի նիստերը, քննարկումները և դրանց անցկացման կարգը
Հոդված 39. Հանձնաժողովի նիստերը, քննարկումները և դրանց անցկացման կարգը
1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները ընդունվում են նիստում:
2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված այլ դեպքերում:
3. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` այլ վայրում:
4. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անդամը:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս անդամ:
6. Հանձնաժողովի նիստը նախագահողի համաձայնությամբ Հանձնաժողովի անդամը նիստին կարող է մասնակցել տեսաձայնային կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում:
7. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահագրգիռ անձանց շահերի, ներառյալ` առևտրային գաղտնիքի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով Հանձնաժողովը որոշում է կայացրել նիստը կամ դրա առանձին մասն անցկացնել դռնփակ:
8. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին հարցը քննարկվում է դռնփակ:
9. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին որոշում կայացվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը:
10. Դռնբաց նիստին ներկա գտնվող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն: Նիստի ընթացքում կինոնկարահանումը, լուսանկարահանումը և տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են նախագահողի թույլտվությամբ:
11. Հանձնաժողովի նիստին հնարավոր է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով, որի կիրառման կարգը սահմանվում է Հանձնաժողովի աշխատակարգով:
12. Եթե նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու և նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ:
13. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են գրավոր համառոտագրման, իսկ համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում՝ ձայնագրման կամ տեսաձայնագրման միջոցով։ Գրավոր արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ: Գրավոր արձանագրությունն ստորագրում են Հանձնաժողովի՝ նիստին մասնակցած բոլոր անդամները:
14. Հանձնաժողովի, Հանձնաժողովի աշխատակիցների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց մասնակցությամբ նիստերից դուրս իրականացվող քննարկումների դեպքերը և կարգը սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով։