Հոդված 14. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 14. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
2. Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
2.1. Լիազոր մարմնի ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, որը մինչև նշանակումը առնվազն մեկ տարի զբաղեցրել է առնվազն ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սույն մասով սահմանված ժամկետը լրանալը:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ Լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչև սահմանված ժամկետը լրանալը, ինչպես նաև այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը առնվազն ութ տարի զբաղեցրել են միջին խմբի պաշտոն:
Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:
3.1. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-218-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ստորև նշված անձինք հետևյալ առաջնահերթությամբ.
1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կամ համապատասխան որակավորմամբ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.
3) ոստիկանության միջին խմբի այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
4) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.
5) սույն հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք.
6) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնից փոխադրվող ոստիկանության ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն.
7) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները:
Սույն մասի 1-ին և 3-7-րդ կետերով նախատեսված դեպքերում անձն անցնում է պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում է պաշտոնի:
6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների և հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) ոստիկանության ծառայության պաշտոններում կարող են նշանակվել միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պարեկի արհեստագործական կրթություն ստացած անձինք։ Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
6.2. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-165-Ն)
6.3. (մասն ուժը կորցրել է 16.04.26 ՀՕ-165-Ն)
7. Համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք ոստիկանության միջին կամ ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել վերապատրաստում անցնելուց հետո: Համապատասխան մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
7.1. Համայնքային ոստիկանի պաշտոնում, բացի սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձանցից, կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կարող է կատարվել նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
7.2. Ոստիկանության գվարդիայում ոստիկանության ծառայության պաշտոններում, բացի սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձանցից, կարող են նշանակվել նաև այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում, իսկ շարքային կազմի ծառայողների դեպքում՝ նաև առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն, և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում անցել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը ոստիկանության գվարդիայի միջին, ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններում կարող է կատարվել նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:
8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական արհեստագործական կրթություն ունեցող քաղաքացիները:
9. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)
9.1. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:
9.2. Ոստիկանությունում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով դիտարկվում է ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողների թեկնածությունը։
10․ Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերի զինծառայողները, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում՝ ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, վերջին հինգ տարիների ընթացքում սույն պարբերությամբ նախատեսված մարմիններում աշխատանքային հարաբերությունները դադարեցրած դատախազները, զինծառայողները, ծառայողները (բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված քաղաքացիների), ինչպես նաև վերջին տասը տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում համապատասխան (այդ թվում՝ նախկին) դատախազը, զինծառայողը, ծառայողը կամ ոստիկանության նախկին ծառայողն անցնում են առնվազն մեկամսյա պարտադիր վերապատրաստում, որի դրական արդյունքներով նշանակվում են պաշտոնի:
Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:
Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:
Սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:
11. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց.17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ., խմբ. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-246-Ն, խմբ., փոփ. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն, լրաց., փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն, լրաց., խմբ. 02.10.25 ՀՕ-317-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.04.26 ՀՕ-165-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.04.26 ՀՕ-165-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածի 7.1-ին մասով նախատեսված կարգավորումները գործում են մինչև սույն օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով «Ոստիկանության գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորմամբ ընդունելություն հայտարարելը` համաձայն 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի)
(հոդվածի 7.2-րդ մասով նախատեսված կարգավորումները գործում են մինչև սույն օրենքի 55.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված կրթական ծրագրով համապատասխան որակավորմամբ ընդունելություն հայտարարելը` համաձայն 16.04.26 ՀՕ-165-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի)