Հոդված 2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Ոստիկանությունում առանձին ծառայությունների և պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` սույն օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում քաղաքացիական ծառայության կարող են անցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Քաղաքացիական ծառայությունը պետական ծառայության տեսակ է:
Քաղաքացիական ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է` ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ոստիկանությանը վերապահված առանձին գործառույթների իրականացմանը:
2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:
Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաև ոստիկանությունում ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանությունում ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ:
Ռոտացիայի ենթակա ոստիկանությունում ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով:
3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով:
4. Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Կառավարության սահմանած կարգով:
(2-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-150-Ն, 15.11.10 ՀՕ-169-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)