Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2025-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 11.1 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 60.13. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

գործել է մինչև 2025-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 60.13 Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

9. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 60.8-րդ և 60.23-րդ հոդվածներով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

10. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:

12. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի` իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

13. Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից՝ ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

14. Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

16. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի:

17. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

18. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

19. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 20-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:

20. Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

21. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները՝

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 20-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը:

22. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

23. Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 60.8-րդ հոդվածով սահմանված կարգով:

24. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

25. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն հոդվածի 24-րդ մասի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն հոդվածի 24-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը:

26. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում Ոստիկանության պետի որոշումը պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:

27. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք՝ սույն օրենքի 60.8-րդ հոդվածով սահմանված կարգով:

28. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 60.8-րդ հոդվածի 21-րդ և 23-րդ մասերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

29. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

30. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 28-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

31. Ատեստավորման հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Ոստիկանության պետի հրամանով:

(60.13-րդ հոդվածը լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։