Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2025-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2025-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

1. Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18-ից (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) մինչև 35 տարեկան այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).

2) համապատասխանում է ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջներին:

2. Առանձին պաշտոններում ոստիկանությունում ծառայության անցնելու համար Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ:

3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը: Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կոնկրետ պաշտոնի անձնագրով։

4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

3.1) որը կատարել է դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարք, և նրա նկատմամբ առկա է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

3.2) որը նախկինում հանրային ծառայության պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքով, եթե նման տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.

3.3) որը տառապում է ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող՝ Կառավարության սահմանած հիվանդությամբ.

3.4) որը օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:

6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, թեկնածուների ընտրության և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

(11-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 03.06.20 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-232-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն)

(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։