Հոդված 45. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 45. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառվելու դեպքում.
7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում.
8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.
9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան, հետծննդյան և երեխային խնամելու արձակուրդը.
11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:
Ոստիկանության ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:
Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:
2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:
(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն)