Հոդված 55. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 55. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1. Ոստիկանության ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման կարգով:
2. Ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցման կարող են ընդունվել մինչև 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու համար կարող են դիմել`
1) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.
2) ընդունելության տարվա առաջին զորակոչի վերջին օրվա դրությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար սահմանված տարիքը լրացած չլինելու դեպքում.
3) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության միջազգային կամ միջպետական (միջկառավարական) պայմանագրերով նախատեսված դեպքերում ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
3. Ոստիկանության ուսումնական հաստատության ընդունելության քննությունների առարկայական ցանկը և ծրագրերը հաստատվում են օրենքով սահմանված կարգով: Ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:
4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:
5. Ոստիկանության ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության կրտսեր և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` պետական կառավարման ղեկավարի տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:
6. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսուցման կարգը և պայմանները սահմանվում են «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքով», որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ոստիկանության ուսումնական հաստատության շրջանավարտներին պետական կառավարման մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:
(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն)