Հոդված 55. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում
Հոդված 55. Ուսուցումը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում
(վերնագիրը փոփ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
1. Ոստիկանական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են դիմել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարելու դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Կառավարության սահմանած կարգով:
4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Լիազոր մարմնի հայտի հիման վրա ձևավորված պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները բավարարող և առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող քաղաքացիները:
6. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում «Իրավագիտության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
7. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:
Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:
Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, բացառությամբ վճարովի կրթական ծառայություններ իրականացնելու դեպքերի:
7.1. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
8. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ:
9. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:
10. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով պետական պատվերի շրջանակում բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության լեյտենանտի կոչում, իսկ պարեկի արհեստագործական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է շնորհվել, եթե նրանք նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին համապատասխանող պարեկի պաշտոնում:
(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 29.04.10 ՀՕ-47-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, խմբ., փոփ. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, փոփ., լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 24.10.24 ՀՕ-400-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվող յուրաքանչյուր կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելու օրը)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)