Հոդված 49. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
Հոդված 49. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Ոստիկանության ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառայողները:
2. Ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:
3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 4 ամսվա համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարում, իսկ վերջին երկու ամսվա համար` միայն ունեցած կոչման համար նախատեսված դրամական բավարարում: Եթե ծառայողի գործուղման վայրի դրամական բավարարումն ավելի ցածր է, քան մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարումը, ապա նրան վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարման տարբերությունը:
Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասի առաջին պարբերությունում նշված ստաժը և վճարումն իրականացվում են կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողները գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում` մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների դրամական բավարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Սույն օրենքի հիման վրա ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(49-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն)